Ի պատասխան «Իրատեսի» այս տարվա թիվ 16-ում հրապարակված «Ցորենի ալյուրի հարստացումից հետո Կանադայի չորս բնակչից մեկը հիվանդ է քաղցկեղով» նյութի, ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել է պարզաբանում, որը և ներկայացնում ենք։
ՀՀ առողջապահության նախարարության մշակած և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող լայն քննարկումների ժամանակ, ցավոք, նախագիծն ավելի հաճախ արժանանում է ոչ մասնագետների քննադատությանը։ Առանձին անձինք և հասարակական կազմակերպություններ կասկածի տակ են վերցնում ցորենի ալյուրը ֆոլիաթթվով և երկաթով հարստացնելու արդյունավետությունը` «հիմնավորելով», որ այն մի շարք երկրներում հանգեցրել է քաղցկեղով հիվանդացության աճի: Այդ երկրների թվում բերվում է նաև Կանադայի օրինակը։ Բնականաբար, զանգվածային լրատվամիջոցներով հնչող նման հայտարարությունները բացասաբար են անդրադառնում հասարակական կարծիքի ձևավորման վրա։ ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ, դիվանագիտական խողովակով պաշտոնական հարցում է կատարել Կանադայի առողջապահության նախարարությանը հետևյալի վերաբերյալ. 1. Արդյո՞ք Կանադայում ալյուրի հարստացման համակարգը ներդնելուց հետո գրանցվել է քաղցկեղով հիվանդացության աճ: 2. Եթե այո, արդյո՞ք Կանադայի պաշտոնական տվյալներով հաստատվել է քաղցկեղով հիվանդացության աճի պատճառահետևանքային կապը ալյուրի հարստացման հետ: Այդ առնչությամբ Կանադայում ՀՀ դեսպանությունից ստացված պաշտոնական նամակում ասվում է. «Ի պատասխան Ձեր 12.08.2015 թ. թիվ ԱՄ/10/9384-15 գրության, տեղեկացնում ենք, որ, համաձայն Կանադայի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության, Կանադան ալյուրը ֆոլիաթթվով պարտադիր հարստացնելու պրակտիկան ներդրել է 1998-ին, ինչին անմիջապես հաջորդել է նյարդային խողովակի արատների քանակի շուրջ 46 % նվազում: Կանադայի քաղցկեղով հիվանդացության մակարդակի որևէ փոփոխություն ֆոլիաթթվի ներդրումից հետո չի նկատվել: Շուրջ 50000 անձանց շրջանում անցկացված փորձը ֆոլիաթթվի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև անմիջական կապ չի հաստատել»: